211652_close_icon
views-count11386 դիտում article-date 19:43 11-08-2017

«Երջանիկ եմ, որ վերջապես այնպիսի տուն ունեմ, որտեղ մենք հպարտ կլինենք ապրել». 7-րդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Կամո Դավթյանն այսօր բնակարանամուտ նշեց Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Մարտունու շրջանի վարչակազմի, Թուֆենկյան հիմնադրամի, գյուղի համայնքի, ՀՅԴ «Մերուժան Մոսիյան Կոմիտէ»ի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 6 վիրավոր զինվորների համար` երեքը Մարտակերտի, երկուսը Հադրութի և մեկը Ասկերանի շրջաններում: Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել: «Իր կյանքը մեր հայրենիքի համար վտանգած յուրաքանչյուր զինվոր արժանի է ապրել արժանապատիվ կյանքով, որն անհնար է առանց բարեկարգ տան: Արցախի զինվորների համար տներ կառուցելով, վերանորոգելով կամ նոր տներ գնելով մենք ոչ միայն աջակցում և մեր երախտագիտությունն ենք հայտնում այս խիզախ անձանց և նրանց ընտանիքներին, այլ նաև օգնում ենք քայլ առ քայլ վերակառուցել Արցախը», - բնակարանամուտի արարողության ընթացքում ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Կամո Դավթյանը նախաձեռնության շրջանակներում ընդգրկված յոթերորդ զինվորն է և Արցախյան 90-ական թվականների ազատամարտի երկրորդ մանակիցը, ով Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված տուն է ստացել: Ազատամարտի ընթացքում Կամոն միացել էր Նոր Շենի ինքնապաշպանական խմբին և խիզախաբար կռվելով ծանր վնասվածք ստացել մարտերից մեկի ընթացքում: Այժմ Կամոն 50 տարեկան է: Բնույթով աշխատասեր Կամոն մարտի դաշում կրած վնասվածքի պատճառով այլևս չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել: Նոր Շենում նա ապրում է կնոջ և երկու դստրերի հետ: Հետևելով հոր օրինակին, Կամոյի որդին որպես պայմանագրային սպա ծառայում է Արցախի պաշտպանության բանակում: Մինչև վերանորոգումը, Կամոյի ընտանիքն ապրում էր հին գյուղական տանը, որը ոչ միայն անբարեկարգ վիճակում էր, այլ նաև չուներ սանհանգույց և խոհանոց: Հետևաբար, ի հավելումն ընդհանուր վերանորոգման աշխատանքներին, հիմնադրամը կառուցել է խոհանոց, սանհանգույց և միջանցք` ընդլայնելով առանձնատունը կցակառույցի միջոցով: «Երջանիկ եմ, որ վերջապես այնպիսի տուն ունեմ, որտեղ մենք հպարտ կլինենք ապրել: Միակ ցանկությունս է, որ պատերազմում կռված բոլոր ընկերներս գլխի վերևում տանիք ունենան և ապրեն իրենց սեփական տներում», - բնակարանամուտի ընթացքում ասաց Կամո Դավթյանը: Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն ավարտվել է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Արցախ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում: [url=https://web.facebook.com/TufenkianFoundation?_rdc=1&_rdr]Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր