211652_close_icon
views-count14612 դիտում article-date 13:35 11-08-2017

Դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին

Օգոստոսի 10-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն (նստավայրը՝ Մեխիկո) իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին: Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սոլիսը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը: Դեսպան Այվազյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Կոստա Ռիկայի հետ ծավալելու փոխշահավաետ և առարկայական համագործակցություն: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների շուրջ: Նախագահ Սոլիսի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացում առկա խոչընդոտները: Այս համատեքստում Կոստա Ռիկայի նախագահը վստահեցրեց, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Զրույցի ավարտին նախագահ Սոլիսը խնդրեց իր ջերմագին բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարեկամ հայ ժողովրդին: Օգոստոսի 9-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Գոնսալես Սանսին: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Դեսպան Այվազյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Կոստա Ռիկա այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ ունեցավ էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարար Ջանինա Ռոմերոյի, հանրային կրթության նախարար Սոնիա Մոռայի, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Սիլվի Դուռանի, Օրենսդիր ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դաննի Հեյլինգի, Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամների և արտաքին գերատեսչության մի շարք ներկայացուցիչների նետ: Այցի ավարտին Հայաստանի դեսպանը հանդիպեց նաև Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր