11848 դիտում
20:22 03-08-2017
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ կանցկացվի մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:
Փառատոնի ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը, ինչպես նաև այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցող դիզայներ Գևորգ Շադոյանը:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի փոխանցմամբ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորին նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:
«Այս փառատոնը «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որոնց հիմնական նպատակը միջոցառումային զբոսաշրջության զարգացումն է Երևանում: Մենք ցանկանում ենք Երևանը դարձնել զբոսաշրջային հարթակ՝ ներկայացնելով մայրաքաղաքի բազմաշերտ և հարուստ մշակութային ժառանգությունը: Կարևորում ենք այս տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Երևանում կողք-կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած կլինի երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և նորաձևության ցուցադրություն:
«Այս գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ մեր՝ դիզայներներիս ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Այս տարվա փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ «Արքայից արքա» հավաքածուն, որը մինչև այս ներկայացվել է միայն փակ ցուցադրությամբ, և սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու համար: Փառատոնը նաև լավ հարթակ է՝ ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները»,- նշել է դիզայներ Լիլիթ Մելիքյանը:
«Անցած տարի փառատոնն անցկացվեց Արցախում և այն շատ հաջողված էր: Մաղթում եմ, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը դառնա շրջիկ զբոսաշրջային փառատոն, ինչը հաստատ կնպաստի փառատոնի էլ ավելի մասսայականացմանը, ինչպես նաև այլ քաղաքներում Երևանի դիրքավորմանը որպես զբոսաշրջային, մշակութային քաղաք: Իսկ փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ իմ «Այնթափ» հավաքածուն», - նշել է դիզայներ Արամ Նիկոլյանը:
«Առաջին անգամ չէ, որ հրավեր եմ ստանում մասնակցելու այս փառատոնին, սակայն չեմ կարողացել ճանապարհորդությունների պատճառով: Այս տարի վերջապես բախտ վիճակվեց մասնակցելու, և ուրախ եմ, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի շրջանակում կներկայացնեմ ինչպես շատերին արդեն ծանոթ, այնպես էլ նոր հագուստներ՝ հնի և նորի, զարդանախշերի ու գույների համադրությամբ «Վերածնունդ» հավաքածուն», - նշել է դիզայներ Գևորգ Շադոյանը:
Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Հայաստանում Քուվեյթի Պետության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա ՀԿ-ների ներկայացուցիչները՝ իրենց ազգային տարազների ցուցադրությամբ: Առաջին անգամ փառատոնին կմասնակցեն նաև Տիկնիկների պատկերասրահը, «ՊռեԳոմեշ» հայկական զարդերի ընկերությունը, «Շադոյան» նորաձևության տունը և «Հայկական ապրանքանիշեր» հարթակը:
Փառատոնում, ինչպես և նախորդ տարիներին, ներգրավված են նաև «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երևանի պատմության թանգարանը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ն, «Անահիտ Սիմոնյան ֆեշն» նորաձևության տունը, անհատ ասեղնագործներ և այլն:
Փառատոնի շրջանակում «Մարաշլյան ֆոտո ատելիեյի» և «Տարազ և արտ» ֆոտոլաբի շնորհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու տարազով կամ տարազային միջավայրում:
Փառատոնի երկրորդ հատվածում տեղի կունենա դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կցուցադրվեն «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ն Երևանում, Հյուսիսային պողոտայում:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
7665 դիտում
22:06 03-08-2018
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը՝ Հյուսիսային պողոտայում
8714 դիտում
13:53 05-08-2018
Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
2676 դիտում
10:51 06-08-2015
Կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը
Այս բաժնից
970 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1027 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
712 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը