153639 դիտում
21:05 02-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի տներից մեկում պայթյուն է հնչել. 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ:
Այս պաին դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Այս պահին տեղում աշխատում են նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ:
Այս պահին Ա. Վարդանյանի գլխավորությամբ քննիչները պայթյունի վայրում տեղազննություն են կատարում:
Վ. Աթոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս պահին ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորները:
Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Վիրավորներին արյուն հասցնելու նպատակով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Ն. Սարգսյանը ծառայողական ավտոմեքենայով վիրավորների հարազատներին տեղափոխեց Արյան փոխներարկման ինստիուտ, որպեսզի այնտեղից արյուն տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն:
***
23։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց էին տեղափոխվել 20-ամյա Աշոտ և 32-ամյա Նիկոլայ Եփրեմյանները։ «Արմենիա» բժշկական կենտրոնում Ն. Եփրեմյանը մահացել է, իսկ Ա. Եփրեմյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Տան տարածքում սակրավորները հայտնաբերել են 2 հրանոթային արկ և պայթած արկի բազմաթիվ բեկորներ, որոնցից մեկը՝ մասնատված։
Սակրավորներն այն տեղափոխել են ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն։
Նշված վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի N զորամասի սակրավորական խումբը՝ գնդապետ Զոլունցի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)