«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո» -ի սեփականատեր
                        Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և  «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:
Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել  2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն:
Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և  հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական  նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

