16977 դիտում
14:14 19-07-2017
Զվարթնոց տաճարը՝ օտարերկրացիների աչքերով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը վերածվել է յուրօրինակ ճամբարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում, հուլիսի 13-ից մեր երկրում են աշխարհի տարբեր անկյուններից (Կորեա, Հոնկոնգ, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Լեհաստան, Լատվիա) ժամանած 14 երիտասարդ կամավորներ: Նախապես ներկայացված տարբեր երկրների ցանկից կամավորները ընտրել են հենց Հայաստանը ու մեր երկիր եկել «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում օտարերկրացի երիտասարդները առաջին անգամ են: Այցելել են Ցեղասպանության թանգարան ինստիտուտ, տպավորվել` ներկայացված նյութով: Ճամբարականները եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հիացել Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների ճարտարապետությամբ, շրջել` Երևանում:
Ճամբարի պետ Տաթևիկ Մկրտչյանի խոսքով օտարերկացի երիտասարդների համար մեծ պատիվ ու բացառիկ հնարավորություն է ոչ միայն տեսնել 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի կառույցը՝ Զվարթնոց տաճարը, այլև ապրել դրա հարևանությամբ, հիանալ խորհրդավոր ավերակների գեղեցկությամբ, շրջել տաճարի տարածքում ու փոքրիկ «ներդրում» ունենալ «Զվարթնոց»-ի պահպանության գործում։ Նրանք մասնակցել են արգելոց-թանգարանի սանիտարական մաքրման աշխատանքներին։
Ծրագրի շրջանակում ճամբարի մասնակիցների համար ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը նախաձեռնել էր գեղանկարչության վարպետության դաս, որն անցկացրել է գեղանկարիչ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ Արեգ Միրիջանյանը։ Նրա մի քանի խորհուրդներից ու տարբեր նյութերի հետ աշխատելու նրբությունները բացատրելուց հետո, երիտասարդները թղթին են հանձնել Զվարթնոց տաճարի իրենց ընկալումը։
Իսպանուհի Իզաբել Լապուենտեն հաջողություն է համարում Զվարթնոց տաճարով օրվա տարբեր ժամերին հիանալու բացառիկ հնարավորությունը, նրա համար այս ծրագիրը Հայաստանի մշակույթի ու պատմությանը ծանոթանալու հրաշալի առիթ էր, որը չէր կարող բաց թողնել։ Կորեացի Ջիվոն Չոյն էլ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել 7-րդ դարի հրաշալի տաճարին ծանոթանալ ոչ թե զբոսաշրջիկի, այլ տեղացիների նման։
«Հոնկոնգում նման տաճարներ չկան, «Զվարթնոցը» տպավորում է իր շքեղությամբ ու խորհրդավորությամբ,-անկեղծանում են Հոնկոնգից եկած երկու կամավորները։
Մոտ մեկ ժամ անց ճեպանկարներն արդեն պատրաստ էին․ թատերական դեկորացիա հայկական մոտիվներով, Զվարթնոցը՝ իսպանական արևի ջերմությամբ կամ Արարատի տեսարան՝ Զվարթնոց տաճարից, սրանք երիտասարդների աշխատանքներին կես կատակ-կես լուրջ տրված գեղանկարիչ Արեգ Միրիջանյանի գնահատականն է։ Ի դեպ երիտասարդներից ոչ մեկը նկարչական կրթություն չի ստացել։ Շատերը նկարում էին առաջին անգամ։ Արեգ Միրիջանյանը կարծում է, որ նմանօրինակ նախաձեռնությունը երիտասարդներին կօգնի ոչ միայն նկարչական հմտություններ ձեռք բերել, այլև ավելի լավ ճանաչել Զվարթնոց տաճարը, ծանոթանալ հայկական զարդաքանդակների նշանակությանը՝ հիանալ հայ վարպետների մտքի թռիչքով։
Երիտասարդներից շատերը տեղեկացված էին Հայոց ցեղասպանության մասին և դա է պատճառը, որ ցանկություն են հայտնել տեսնել «Խոստում» ֆիլմը:
Կամավորները Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին, կրկին վերադառնալու ակնկալիքով:
[b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2294 դիտում
20:58 02-12-2014
Ռուսաստանը` օտարերկրացիների աչքերով. լուսանկարներ
873 դիտում
16:22 10-04-2015
«Քաղաքամայր Երևանի գույները»՝ օտարերկրացիների աչքերով. ցուցահանդեսը կգործի 10 օր
7787 դիտում
21:53 16-08-2016
Ռուսո տուրիստո. Ինչպիսին են ռուս զբոսաշրջիկները օտարերկրացիների աչքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին