Արցախի արտադրանքն արտահանվում է ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իրան, Կուբա և այլ երկրներ
Արցախում առաջին անգամ անցկացվել է գործատուների հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հետազոտություն:
Այն իրականացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը: Այսօր հրավիրված ասուլիսում ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը նշեց, որ հետազոտության շրջանակում ընդգրկվել է 423 գործատու:
«Կազմակերպությունների հիմնադրման տարեթվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն միջինը 12.8 տարվա գործունեության ժամկետ: Հետազոտությանը մասնակցած կազմակերպությունների աշխատողների 35.7 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 27.7 տոկոսը` միջին կամ նախնական մասնագիտական, իսկ 36.6 տոկոսը չունի մասնագիտական կրթություն: Կազմակերպություններում աշխատողների 48 տոկոսը կանայք են»,- ասել է Արման Սարգսյանը:
Մեծ թիվ են կազմել մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտի կազմակերպությունները: Հարցմանը մասնակցած կազմակերպությունների մյուս մեծ խումբը կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ, հանգստի ոլորտներն է ներկայացնում: