211652_close_icon
views-count10387 դիտում article-date 12:17 15-07-2017

Ռուսական նավթն ու գազը պահանջարկ չեն ունենա. «Ամերիկայի ձայն»

Մեր օրերի տեխնոլոգիական առաջընթացը կարող է լիովին փոխել ավանդական տնտեսության գաղափարը, մասնավորապես, զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրների՝ նավթի ու գազի նշանակությունը, համոզված են ամերիկյան փորձագետները: Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում տեղի ունեցած մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Փիթեր Դորանը նշել է, որ նավթի և գազի ռազմավարական նշանակության նվազեցումը ազդում է ոչ միայն դրա վաճառքից կախված Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա. «Նույնիսկ հարուստ Սաուդյան Արաբիան կարող է մի օր իրավիճակում հայտնվել, երբ իրենից նավթ գնել ցանկացողներ այլևս չլինեն»: Փորձագետների խոսքով, էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն է: Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Մամուկա Ծերեթելիի կարծիքով, Հայաստանի,, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից: Մոսկվայի շահերից չի բխում թուլացնել իր ազդեցությունը հարևան երկրների վրա, ավելացնում է Ծերեթելին: Ավելին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգություն հնարավոր չէ հաստատել, մինչև չգտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. «Այս հակամարտության կարգավորման մեջ հետաքրքրված են բոլոր կողմերը. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Թուրքիան, որն ի դեպ, այդ դեպքում կկարողանար Հայաստանի հետ բացել սահմանները»: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր պետք է ստույգ քայլեր ձեռնարկի սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, նշում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էդվարդ Չոն. «Անշուշտ, հեշտ է մեղադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կարծես թե ցանկանում է շրջապատված լինել թույլ և կախյալ հարևաններով, սակայն, երկրներն իրենց ներսում նույնպես բարեփոխումներ պետք է կատարեն»: Վերլուծաբանի խոսքով, էներգետիկ անվտանգություն կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գրավել արտերկրյա ներդրողներին և ընկերություններին, ինչն իր հերթին պահանջում է կոռուպցիայի դեմ լուրջ պայքար և իրական մրցակցային տնտեսության հաստատում: Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:

Նմանատիպ նյութեր