Ռուսական նավթն ու գազը պահանջարկ չեն ունենա. «Ամերիկայի ձայն»
Մեր օրերի տեխնոլոգիական առաջընթացը կարող է լիովին փոխել ավանդական տնտեսության գաղափարը, մասնավորապես, զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրների՝ նավթի ու գազի նշանակությունը, համոզված են ամերիկյան փորձագետները:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում տեղի ունեցած մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Փիթեր Դորանը նշել է, որ նավթի և գազի ռազմավարական նշանակության նվազեցումը ազդում է ոչ միայն դրա վաճառքից կախված Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա.
«Նույնիսկ հարուստ Սաուդյան Արաբիան կարող է մի օր իրավիճակում հայտնվել, երբ իրենից նավթ գնել ցանկացողներ այլևս չլինեն»:
Փորձագետների խոսքով, էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն է: Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Մամուկա Ծերեթելիի կարծիքով, Հայաստանի,, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից: Մոսկվայի շահերից չի բխում թուլացնել իր ազդեցությունը հարևան երկրների վրա, ավելացնում է Ծերեթելին: Ավելին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգություն հնարավոր չէ հաստատել, մինչև չգտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.
«Այս հակամարտության կարգավորման մեջ հետաքրքրված են բոլոր կողմերը. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Թուրքիան, որն ի դեպ, այդ դեպքում կկարողանար Հայաստանի հետ բացել սահմանները»:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր պետք է ստույգ քայլեր ձեռնարկի սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, նշում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էդվարդ Չոն.
«Անշուշտ, հեշտ է մեղադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կարծես թե ցանկանում է շրջապատված լինել թույլ և կախյալ հարևաններով, սակայն, երկրներն իրենց ներսում նույնպես բարեփոխումներ պետք է կատարեն»:
Վերլուծաբանի խոսքով, էներգետիկ անվտանգություն կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գրավել արտերկրյա ներդրողներին և ընկերություններին, ինչն իր հերթին պահանջում է կոռուպցիայի դեմ լուրջ պայքար և իրական մրցակցային տնտեսության հաստատում:
Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»: