211652_close_icon
views-count9190 դիտում article-date 23:24 07-07-2017

Հայաստանը կարևորում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 7-ին ընդունել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Վերլուծական խորհրդի ներկայացուցիչները: Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, կարևորել Չինաստանի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը և առկա ներուժի լիակատար իրացումը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը, այդ նախագծի նկատմամբ Հայաստանի հետաքրքրվածությունն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորությունները: Արմեն Աշոտյանը կարևորել է նախագծի դերը՝ որպես տարածաշրջանի տնտեսությունն ակտիվացնող գործոն, ինչը երաշխիք կարող է դառնալ տարածաշրջանային կայունության ապահովման համար: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի կայունության հարցին: Այս համատեքստում ընդգծվել է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում ցանկացած տնտեսական ծրագիր շահեկան կարող է լինել միմիայն կայուն անվտանգության և հարատև խաղաղության պայմաններում: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը մատնանշել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանի կայունության պահպանման գործում, միևնույն ժամանակ փաստել, որ կայունության ապահովումը միակողմանիորեն այնքան էլ հեշտ չէ: Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաև ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր