11161 դիտում
23:28 06-07-2017
Բաց նամակ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և հրամանատարական խորհրդի անունից` գնդապետ Գրիշա Սարգսյանը բաց նամակ է հղել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նամակում ասված է.
«Հայոց հզոր և պանծալի բանակի մեծարգո հրամանատար.
Մեր Հայրենիքի անկախության արշալույսին երկրի սահմանների անառիկության համար ոտքի ելած և Արցախյան ազատամարտի հերոսական օրերին մարտական փառավոր ուղի անցած և պատմության երկնակամարում իրենց անունները ոսկե տառերով գրած Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկները ողջունում են Ձեզ:
Թույլ տվեք արձանագրել, որ պաշտոնավարման կարճ ժամկետում Դուք կարողացաք համախմբել և առավել ներկայանալի ու մարտունակ դարձնել մեր բանակը, բարձրացնել Հայոց բանակի մարտական և հերոսական ոգին և բանակաշեն մի շարք դրվատելի բարեփոխումներ իրականացնել, որոնց համար ընդունեք մեր ջերմ գնահատականները և երախտիքի խոսքերը: Իսկ բանակի համար յուրաքանչյուր շյուղ ավելացնելու մեր անկեղծ ուրախությունը, մեծարգո պարոն նախարար, գալիս է դեռևս նախաստեղծ ակունքներից, երբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հիմքի վրա կազմավորվեցին հայոց բանակն ու նաև ներքին զորքերը:
Ուզում ենք Ձեզ հավաստիացնել, հարգարժան պարոն նախարար, որ Հայրենիքի անվտանգությանը, մեր սահմանների անառիկությանը և Հայոց հաղթանակած բանակի հզորացմանը ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում մենք կանգնած ենք ձեր կողքին և սատարում ենք Ձեզ: Հատկապես մեծ խանդավառությամբ ընդունեցինք հասարակության ամենալայն շրջանակներին Ձեր իրազեկած «Ազգ-բանակ»-ի գաղափարը, որը Ձեր իսկ բնորոշմամբ, ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշպանության գործին: Այս առումով ուզում ենք տեղեկացնել, որ շուրջ երկու տասանամյակ է, ինչ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և Պաշտպանության նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում մենք համատեղ ծրագրեր ենք իրականացնում և պատրաստակամ ենք այսուհետ ևս իրականացնել: Իմացած եղեք, որ մարտական անթիվ առաջադրանքներում թրծված և փառահեղ հաղթանակներ կերտած մեր կազմակերպության մարտիկները, այսօր էլ շարքում են և ունեն բավականաչափ եռանդ, ուժ, կորով և փորձառություն` Ձեր նշած տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձություններին արագ արձագանքելու, հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները
հօդս ցնդեցնելու և մեր միասնական Հայրենիքն ու պետականությունը հզոր և անառիկ պահելու համար: Թող աշխարհում և ոչ մի հայորդու դույզն ինչ չվախեցնեն մեր դավադիր հարևանի սադրանքներն ու նենգ դավերը: Մենք նրանց կտանք տասնապատիկ արժանի հակահարված, ինչը ժամանակին արել ենք, և եթե հրաման ստանանք` կոչնչացնենք չարիքի արմատը իր իսկ բնում:
Սպասում ենք Ձեր խոսքին, պարոն նախարար»:
Նմանատիպ նյութեր
6003 դիտում
15:36 24-02-2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին
8514 դիտում
22:20 29-10-2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում
Այս բաժնից
478 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
733 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
886 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան