211652_close_icon
views-count35308 դիտում article-date 00:16 30-06-2017

Հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն այլափոխվել է. «Սասնա ծռերի» պաշտպան

«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել իր նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ։ Նշենք,որ «Սասնա ծռեր»-ի գործով հունիսի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով: Արա Ղարագյոզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այն փաստարկը, որ ես սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ նշել եմ, որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է ինձ հանձնել, փաստաբանական գաղտնիք է պարունակել: Հարկ եմ համարում պարզաբանել դատավարության ընթացքում տեղի ունեցածը: Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրեց ինձ վերցնել ծալած նամակը և զգուշացրեց, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ես վերցրեցի նամակը, սակայն ոստիկանը նամակը խլեց իմ ձեռքից: Ես չէի կարող գուշակել, թե նամակի բովանդակությունը պարունակում էր փաստաբանական գաղտնիք, թե ոչ: Սակայն ես որևէ պատճառ և իրավունք չունեի և չունեմ չվստահելու իմ պաշտպանյալին, այդ իսկ պատճառով լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել եմ, որ Արեգ Կյուրեղյանն ինձ փոխանցել է փաստաբանական գաղտնիք պարունակող նամակ: Նամակն իմ ներկայությամբ չի բացվել, հետևապես ես չէի կարող նամակի բովանդակությունն այլ կերպ որակել: Ինչպես հայտնի է, նամակի բովանդակությունը հրապարակվել է միայն այսօր, ինչը վկայում է, որ ինձ միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ ինձ ուղղված նամակի բովանդակությունը: Սակայն ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն ենթարկվել է այլափոխման, քանի որ նամակն իմ ներկայությամբ չի բացվել և դատական նիստերի դահլիճում չի հրապարակվել: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմումում նշված «... ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը» մտքին, ապա հայտնում եմ, որ ես չեմ հանդիսանում սուրհանդակ, իսկ դատավորի հիշյալ վարկածն ընդամենն անհեթեթ, մտածածին և, վստահ եմ, ակնհայտորեն ուղղված է ինձ՝ սույն քրեական գործից հեռացնելուն: Բոլորիս քաջ հայտնի է, որ սույն քրեական գործը վայելում է հանրային հնչեղություն, և սա դատավորի համար լավագույն հնարավորությունն է ինձ ստվերել հանրության աչքերում: Բացի այդ, ես պատրաստվում եմ վաղը երկու դիմում ներկայացնել, մեկը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ ոստիկանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ»։ Նշենք,որ ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր,որ «Սասնա ծռերից» 14-ի գործով 2017 թվականի հունիսի 28-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Արա Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու հարցը:

Նմանատիպ նյութեր