211652_close_icon
views-count3109 դիտում article-date 18:17 29-06-2017

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի միջոցառում: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, անհայտ կորածների հարազատներ, բարեկամներ, զինակից ընկերներ, զինվորականներ: Միջոցառմանն օրհնանքի խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն ասել է, որ շուրջ 26 տարի առաջ հանուն Արցախի ազատության և անկախության դրոշ բարձրացրինք, մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք թշնամուն, բայց ունեցանք նաև անչափ թանկ կորուստներ: «Եթե մեր բանակին, ԱԱԾ-ն (Ազգային անվտանգության ծառայություն) և ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հանրապետական հանձնաժողովին հաջողվել է ապրիլյան պատերազմում գոնե վերադարձնել մարտիրոսված հերոսների դիակները, ապա իրավիճակն այլ էր արցախյան պատերազմի ժամանակ. մարտական չդադարող գործողություններն ի չիք էին դարձնում մեր՝ կորածներին տաք հետքերով գտնելու ջանքերը: Իսկ հրադադարից հետո ադրբեջանական կողմն ամոթաբար պնդում էր, թե հայ ռազմագերիներ չկան իրենց մոտ: Ցավոք սրտի, Միջազգային Կարմիր Խաչի համապատասխան լծակներն առ այսօր էլ ոչինչ չեն կարողանում անել: Տարեցտարի կյանքից հեռանում են հայ ռազմագերիների ծնողները՝ աչքները զավակների տունդարձի ճանապարհին»,-մասնավորապես ասել է Վ. Գրիգորյանը և տեղեկացրել, որ լույս է ընծայվել իր հեղինակած «Երկրի ապավենը» գիրքը, որը թվով 20-րդն է: Ըստ հեղինակի՝ գրքում պատմվում է «Սատարել հարազատ բանակին» ռազմահայրենասիրական կոչի շրջանակներում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի՝ պաշտպանության բանակի զորամասերի հետ հանդիպումների մասին. դրանք համաձայնեցված են ՊՆ և ՊԲ համապատասխան օղակների հետ: Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի 80-ամյա Սեդա Սևյանը, ով անհայտ կորածի մայր է ու կին ասել է.«Ամեն տարի այս օրը ես Խնկավանից գալիս եմ Ստեփանակերտ և Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ եմ խոնարհում իմ հարազատների հիշատակին, նաև հույս եմ փայփայում, որ մի օր նրանք կվերադառնան: Ես դժվար կյանքի ուղի եմ անցել. հաղթահարել շատ դժվարություններ. ունեմ առողջական և կենցաղային խնդիրներ: Ես ապրում եմ միայնակ. իմ տանը պահում եմ 15 զոհվածի և անհայտ կորածի լուսանկարներ: Ցավն ու կսկիծը կրծում է հոգիս, բայց շարունակում եմ հարազատներիս վերադարձի հավատով ապրել ու հպարտանալ իմ հայրենիքի վաղվա օրով»: [url=http://artsakhpress.am/arm/news/68945/stepanakertum-nshvel-e-hayreniqi-hamar-nahatakvatsneri-ev--anhayt-korats-azatamartikneri-hishataki-ory-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր