Դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ դատարանների բեռնաթափման խնդրին:
«Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով»,- ասաց նա նշեց, որ 2016 թվականի ընթացքում դատարաններում առկա են եղել 133 հազար քաղաքացիական գործեր:
«Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից»,- ասաց նա:
Դատարանների բեռնաթափման անհրաժեշտությունից ելնելով, վարչապետը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին վերհանել առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ: