211652_close_icon
views-count3724 դիտում article-date 15:26 28-06-2017

Հայաստանյան «Մեկ պատուհան» համակարգը տպավորել է միջազգային փորձագետներին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող EU4DIGITAL էլեկտրոնային առևտրի ցանցի երկրորդ աշխատաժողովին, որն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքների խթանման ճանապարհային քարտեզը, որի շրջանակում 2018-2020թթ. ընթացքում մի շարք գործընթացներ կիրականացվեն: Աշխատաժողովին մասնակցում էին Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Անդրկովկասի հանրապետությունների պատվիրակությունները և փորձագետներ՝ Եվրոպական միությունից։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) պորտալի աշխատանքը՝ մանրամասն անդրադառնալով ներդրված համակարգերի և բաղադրիչների հնարավորություններին, ինչպես նաև տվյալ ոլորտում Հայաստանի ձեռք բերած փորձին. «Զարգացած մաքսային համակարգ ունեցող երկրներում միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի առաջիկայում Հայաստանը նույնպես միանա համաձայնագրին՝ իրականացնելու գրքույկների էլեկտրոնային փոխանակում»: ՊԵԿ-ը մշակել է նաև նախնական հայտարարագրման համակարգ, որը դյուրացնում է ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային ծառայության աշխատանքը: «Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարևան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն և արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը: Միքայել Փաշայանն ընգծել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի մաքսային ծառայության իրականացրած գործառույթները որևէ կերպ չեն սահմանափակում այլ երկրների ու միությունների հետ ՀՀ համագործակցությունը. «ՊԵԿ-ի մշակած տեղեկատվական շտեմարանները կառուցված են այն տեսքով, որ հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվություն փոխանակել ցանկացած երկրի հետ և դառնալ հյուսիս-հարավ ու հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների տարանցիկ երկիր»: EU4DIGITAL ցանցի համակարգող Վալերի Վիրկովսկին բարձր է գնահատել կարճ ժամանակում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ նշելով, որ նմանատիպ տնտեսություն ունեցող երկրների համար օգտակար կլինի ծանոթանալ և տեղայնացնել ՀՀ-ում կիրառվող մոտեցումներն ու լուծումները: Նա հայաստանյան օրինակը որակել է որպես արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կիրառվող գործընթացների օպտիմալացման լավագույն մոդել, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքները տվյալ ոլորտում՝ ընդլայնելով էլեկտրոնային եղանակով տրամադրվող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների շրջանակը: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է նաև մաքսային սահմանին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմանը նվիրված Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատաժողովին և ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվում էր Թբիլիսիում:

Նմանատիպ նյութեր