3414 դիտում
17:40 26-06-2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է հույն գործընկերոջ հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-հունական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն տարբեր ոլորտներում դեռեւս առկա է չօգտագործված մեծ ներուժ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է հայ-հունական հարաբերությունների զարգացումը եւ այս համատեքստում նշանակալի գնահատել տիկին դեսպանի աշխատանքը:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական կապերի ամրապնդման հարցում Թերենս Նիկոլաուս Քուիքի անձնական ներդրումն ու ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին, Արցախի, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հարցերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը եւ Արցախն արցախյան հիմնախնդրի կարգավորումն ակնկալում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Խնդրի կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանն է իր ռազմատենչ քաղաքականությամբ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր ժխտողական քաղաքականությանը, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի հետ սահմանները եւ հայտարարություններով սատարել Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը, ինչին քաղաքակիրթ աշխարհն ականատես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի օրերին:
«Մեզ համար Արցախի ժողովրդի անվտանգությունը, անկախությունն ու ապահովությունն ամեն ինչից վեր է: Արցախի պայքարն ազատության, անվտանգության պայքար է, եւ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախը պատմական հայկական հող է, եւ բացառապես Արցախում ապրող բնակչությունը պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Հունաստանը եւս շահագրգիռ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը տարբեր մակարդակներում:
Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Խոսելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ՝ պարոն Քուիքն ընդգծել է, որ այս հարցում Հունաստանի դիրքորոշումն հստակ է եւ չի փոխվել.
Հունաստանը եւս խնդրի կարգավորումն ակնկալում է խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ համահունչ միջազգային սկզբունքներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձին, ինչն անթույլատրելի եւ քրիստոնեական արժեքների դեմ ուղղված քայլ են համարել զրուցակիցները: Պարոն Շարմազանովը նշել է, որ այս հարցում եւս Հայաստանը սատարում է Հունաստանի դիրքորոշումը՝ ընդգծելով. «Բոլոր փորձերը, որոնք ուղղված են ստվեր գցելու հունական ուղղափառ ժառանգության վրա եւ մահմեդականության վերածելու տաճարը, անթույլատրելի են»:
Քննարկվել են երկու երկրներում հայկական եւ հունական սփյուռքի հարցերին, նրանց ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր:
Պարոն Քուիքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված Հունաստան այցելելու հրավերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
12:59 21-05-2016
Ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը. Էդուարդ Շարմազանովը` հույն խորհրդարանականներին
1102 դիտում
13:13 25-09-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգևոր առաջնորդի հետ
815 դիտում
16:02 26-11-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Այս բաժնից
766 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1915 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
937 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր