211652_close_icon
views-count16635 դիտում article-date 15:54 26-06-2017

Առաջիկայում պատրաստ կլինեն Երևանում 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները: Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում` հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը: Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալումը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ: Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման և երկհերթ ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ, սահմանվել է հսկողություն և սահմանափակվել է հրավառությունների թույլտվությունների տրամադրումը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և ամենօրյա խստացված հսկողությունը: Զեկուցվել է, որ վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ: Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Նմանատիպ նյութեր