83795 դիտում
12:52 26-06-2017
Գիշերը Երևանում «Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում կատարողին, ով դիմել է փախուստի, զինաթափել են անվտանգության ծառայողները՝ իրենց պետի գլխավորությամբ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման փաստով։
Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում դիմակավորված անձը օդամղիչ ատրճանակով ներս է մտել Գայի պողոտա 8/2 հասցեի դրամարկղի մոտ և զենքի սպառնալիքով պահանջել է, որպեսզի դրամարկղի դուռը բացեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի հարձակումը «Ծիրան» սուպերմարկետի դրամարկղի վրա կանխվել է տեղի անվտանգության աշխատակիցների կողմից՝ անվտանգության պետ, 45-ամյա Եսայի Ջհանգիրյանի գլխավորությամբ։
Հանցագործությունը կանխելու ժամանակ անվտանգության աշխատակիցները կարողացել են հանել դիմակը, այնուհետև խլել ատրճանակը, սակայն անհայտ անձը դիմել է փախուստի։
Նշված սուպերմարկետ են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ;
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարող անձին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: