144153 դիտում
21:25 24-06-2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. «Opel»-ը 200 մետր գահավիժել է ձոր. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունիսի 24-ին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 91 TL 991 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին եկեղեցուց դեպի Դիլիջան ընթանալիս Հաղարծին եկեղեցու ճանապարհի առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 200 մետր գահավիժել ձորը՝ հայտնվելով գետի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 30-ամյա Աշոտ Մանուկյանն ու Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին մեծ դժվարությամբ և իրենց կյանքը վտանգելով, ձորից դուրս են բերել ոստիկանության Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի առաջին և երկրորդ ջոկատների ծառայողները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ փրկարարները: Օպերատիվ է գործել նաև Դիլիջանի շտապօգնության հերթապահ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ա. Մանուկյանը գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մովսեսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկանալով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ով տեղում ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկան Վահե Դավթյանի հետ տեղազննություն են կատարում:
Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:
Դիլիջանի փրկարարները հատուկ տեխնիկայի և ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ավտոմեքենան դուրս են բերում երթևեկելի գոտի, որպեսզի այն քարշակի միջոցով տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է մահացած Ա. Մանուկյանին:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+