211652_close_icon
views-count5236 դիտում article-date 21:30 22-06-2017

Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ Սալիվանի հետ: Ողջունելով հյուրերին Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և նկատել, որ վերջին տարիներին այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Ընդգծելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագրերի կարևորությունը, Տարոն Մարգարյանը նշել է, որ Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող ավտոճանապարհները ևս անչափ կարևոր են Երևանի կենտրոնի երթևեկությունը բեռնաթափելու համար: «Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Մենք կարևորում ենք բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը: Համոզված եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական և մենք կարձանագրենք նոր ձեռքբերումներ», - նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ Սալիվանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից և ներկա արդյունքներից՝ ընդգծելով, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար: «Պարոն քաղաքապետ, Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված են իսկապես հրաշալի հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս նախաձեռնված բոլոր ծրագրերը հասցնել ավարտին ու մեկնարկել նոր նախագծեր: Մենք ևս մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և վստահ եմ, որ մեր թիմերի ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունքում կշարունակենք արձանագրել շոշափելի արդյունքներ»,- նշել է Շոն Օ Սալիվանը: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը՝ առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու:

Նմանատիպ նյութեր