211652_close_icon
views-count2239 դիտում article-date 15:59 14-06-2017

Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին: Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական: «Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով՝ մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Նշենք, որ Լիպարիտ Ավետիսյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց տրամադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 30-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում:

Նմանատիպ նյութեր