Եթե Ռուսաստանի դեսպանի հետ կարճատև զրույց է տեղի ունեցել, ես այդ մասին չեմ հիշում. Ջեֆ Սեշնզ. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին երեքշաբթի ցուցմունք էր տալիս գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը: Դեռևս մարտին Սեշնզն ինքնաբացարկ էր հայտնել: Իր թեկնածության շուրջ Սենատի լսումների ընթացքում Սեշնզը հայտնել էր, որ չի հանդիպել Ռուսաստանի որևէ պաշտոնյայի, մինչդեռ ավելի ուշ պարզվել էր, որ նա մեկ երկար և երկու կարճատև հանդիպում էր ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Գլխավոր դատախազի խոսքով, հարյուրավոր այլ հանդիպումների թվում Կիսլյակի հետ հանդիպումների մասին նա պարզապես մոռացել էր.
«Ես որևէ կերպ չեմ փորձել միտումնավոր սուտ ցուցմունք տալ»:
Ավելին, Ջեֆ Սեշնզի խոսքով, հանդիպումներից մեկի մասին մինչ օրս էլ չի հիշում, քանի որ այն ընդունելության ընթացքում է տեղի ունեցել: Հավանաբար, նշում է գլխավոր դատախազը, պարզապես դեսպանի ձեռքն է սեղմել.
«Եթե Ռուսաստանի դեսպանի հետ նույնիսկ որևէ կարճատև զրույց է տեղի ունեցել, ես այդ մասին չեմ հիշում»:
Մեկ բան սակայն Ջեֆ Սեշնզն ընդգծեց՝ որևիցե պաշտոնյայի, այդ թվում և դեսպան Կիսլյակի հետ հանդիպումների ընթացքում նա ամերիկյան ընտրություններին որևէ միջամտության հարց չի քննարկել: Ցանկացած նման մեղադրանք ԱՄՆ-ի գլխավոր դատախազն անվանեց կեղծիք:
Իր ցուցմունքներում գլխավոր դատախազը նաև հրաժարվեց մի շարք հարցերի պատասխանել, որոնք վերաբերում էին նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներին, քանի որ չէր ցանկանում հրապարակել ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցների բովանդակությունը: Սեշնզի այդ որոշումը սակայն սենատորների բացասական գնահատականների արժանացավ.
«Դուք երդում եք տվել, աջը բարձրացնելով այսօր այստեղ հայտարարել եք, որ երդվում եք ասել ճշմարտություն, իսկ այժմ դուք չեք պատասխանում մեր հարցերի: Դուք խոչընդոտում եք այս հետաքննությունը»:
Սենատորներն ԱՄՆ-ի գլխավոր դատախազին տեղեկացրեցին նաև, որ հանձնաժողովը նրան հավանաբար կրկին կհրավիրի, քանի որ Սենատի հետաքննության ընթացքում նոր հարցեր կարող են առաջանալ:
Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»: