211652_close_icon
views-count22039 դիտում article-date 20:43 09-06-2017

Օդանավակայանի հարևանությամբ տաքսի ծառայություն մատուցող վարորդների նկատմամբ տուգանքներ են սահմանվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է իրականացնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանից տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու հետ։ Օդանավակայանի հարևանությամբ գործող և խախտումներ թույլ տված մի շարք անհատ տաքսիստների, ինչպես նաև տաքսի ծառայությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, ինչի հիման վրա սահմանվել են տուգանքներ։ [url=https://armenpress.am/arm/news/894317/varchapeti-handznararakani-hetqerov-tuganvecin-odanavakayanum.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները օդանավակայանի տարածքում իրենց ծառայությունը մատուցող տաքսիստներին կանգնեցնում և համապատասխան փաստաթղթեր են պահանջում։ Սկզբում հարցված 7 տաքսիստներից միայն մեկն է ունեցել տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա, վարորդական իրավունք, մեքենայի համապատասխան կահավորում (տաքսու և շախմատաձև տարբերանշաններ) և մեքենան անցած է եղել տեխնիկական զննում։ Մեկ վարորդ էլ չի ունեցել ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ՝ մեքենայի տեխզննում, տաքսի վարելու արտոնագիր, վարորդական իրավունքն էլ ընդհանրապես չի ներկայացրել։ Վարորդներից մի քանիսը ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցների հարցին, թե որտեղ է իրենց լիցենզիան, պատասխանել են, որ առաջին անգամ են որպես տաքսու վարորդ աշխատում և օդանավակայան գալիս։ «Սա գրասենյակային տաքսի է, ինչպե՞ս կարող եմ լիցենզիա չունենալ։ Ես առաջին օրն եմ այս տաքսի ծառայությունում ու չգիտեմ, թե որտեղ է արտոնագիրը, բայց հաստատ կգտնենք, դժվար բան չկա»,- ասել է «Հրազդան էքսպո» ՓԲԸ տաքսի ծառայության վարորդը։ Նա երկար փնտրելուց, անգամ իրենց տաքսի սերվիս զանգելուց հետո այդպես էլ չի գտել իր մեքենայի լիցենզիան։ Տեսչության աշխատակիցները պարզել են, որ մեքենայի լիցենզիան կասեցված է պարտքերի պատճառով, և տվյալ փոխադրամիջոցն, օրենքի համաձայն, չի կարելի շահագործել՝ մինչև չմուծվեն պարտքերը։ Նրա գործատու կազմակերպության նկատմամբ արձանագրություն է կազմվել և տուգանք նշանակվել, որի համաձայն, եթե պարզվի, որ վարորդն առաջին անգամ է տուգանվում, ապա կվճարեն 50.000 ՀՀ դրամ, իսկ եթե արդեն երկրորդ անգամ լինի, ապա՝ 100.000 ՀՀ դրամ։ Մեկ այլ վարորդ էլ նշել, որ վարորդական իրավունք ունի, առաջին անգամ է ուղևոր բերում օդանավակայան և եկել է Արմավիրի մարզից։ «Ինձ լիցենզիայի հարցերը մի տվեք, ամբողջը մեր սերվիսի խնդիրն է, իսկ ես ընդամենը վարորդ եմ։ Մեր տաքսի ծառայությունն ունի այդ լիցենզիաները, բայց հիմա իմ մոտ չի, կարող է սերվիսում է, ինձ ոչինչ չեն տվել, մի քանի օր եմ այստեղ աշխատում։ Ես նախկինում էլ եմ եղել վարորդ, բայց հիմա, երբ նոր օրենքներ են սահմանում, ինչո՞ւ են միայն տաքսիստներին ասում, թող մեզ համար էլ համապատասխան աշխատատեղեր ստեղծեն»,- ընդգծել է տաքսու վարորդը։ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն ու երկիր այցելող զբոսաշրջիկները առաջինը հանդիպում են տաքսիների անհատ վարորդներին. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այս դաշտում վերահսկողությունը կխստացվի, հատուկ ուշադրություն կդարձվի նրանց լիցենզիաների տրամադրման գործընթացին։ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր