211652_close_icon
views-count2615 դիտում article-date 11:00 03-06-2017

ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել: Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում և առիթ է դառնալու, որպեսզի վերջիններս ներշնչվեն ու զորանան հայրենիքով ու նրա սրբություններով: Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը և կյանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ հայորդիները ապագայում ևս այցելեն Հայաստան՝ հայրենիքի հանդեպ իրենց սերը զորացնելու: Այնուհետև «Ֆերահյան» հայկական դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը Նորին Սրբությանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունեությունը: Վերջում Նորին Սրբությունը դպրոցի աշակերտներին Բարձրյալն Աստծո հովանավորությունն ու առաջնորդությունը մաղթեց՝ ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը և ազգային ոգու բարձր գիտակցությամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր