211652_close_icon
views-count55924 դիտում article-date 14:32 02-06-2017

Ողբերգական դեպք Քաջարանում. ոստիկաններն ու փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով Ողջի գետից դուրս են բերում 49-ամյա տղամարդու դին

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքով անցնող Ողջի գետը քաղաքացի է ընկել և նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Ռ. Սահակյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ու ոստիկանները տևական ժամանակ փնտրելով քաղաքացուն՝ նրան հայտնաբերել են Ողջի գետում, ու քանի որ գետը վարար է, դեպքի վայր են բերում վերամբարձ կռունկ, որպեսզի ոստիկաններն ու փրկարարները գետից դուրս բերեն ջրահեղձ եղած քաղաքացու դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Կապան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Կարեն Նարինյանն էր, ով աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում՝ որպես բանվոր։ Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Թե ինչն է եղել Կ. Նարինյանի՝ գետում հայտնվելու պատճառը, դա պարզ կլինի փորձաքննության ընթացքում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր