211652_close_icon
views-count6798 դիտում article-date 21:42 01-06-2017

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրենին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Տաթևիկ Հայրապետյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է պարբերական հանդիպումների կարևորությունը՝ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները տարածաշրջանային և միջազգային նոր իրողություններին համապատասխանեցնելու և առաջնահերթությունները վեր հանելու տեսանկյունից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ուրախությամբ հայտնել է, որ կազմակերպությանը հաջողվել է արդյունավետ աշխատանք տանել նախորդ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի ուղղությամբ՝ մասնավորապես առանձնացնելով Արցախի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած միջոցառման կազմակերպումը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել եվրոպական երկրներում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների և այս ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Միաժամանակ անդրադարձ է կատարվել Եվրոպայում Արցախը մարդասիրական տեսանկյունից ներկայացնելու և երկրի բնականոն կյանքը եվրոպացիներին հասանելի դարձնելու անհրաժեշտությանը: «Կարծում եմ, որ Արցախն ունի շատ ավելի կարևոր կողմեր, որոնց մասին Եվրոպան պետք է իմանա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ հակամարտությունից բացի կա երկիր, որտեղ մարդիկ ապրում են, սովորում են, աշխատում են, գերազանց արտադրանք են տալիս»,- ընդգծել է Դիոգո Պինտոն: Բարձր գնահատելով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կատարած աշխատանքները՝ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ նման այցերը շարունակական կլինեն և հիմք կհանդիսանան համագործակցությունը կոնկրետացնելու և ընդլայնելու համար: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր