211652_close_icon
views-count17990 դիտում article-date 14:14 01-06-2017

Ազնավուրը քայլող լեգենդ է. ՀՀ նախագահը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ Շառլ, Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ մեր ողջ հասարակությանը: Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է: Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, և այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, և դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ Օլանդը երեք անգամ. նախագահի պաշտոնում՝ երկու անգամ: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, և մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել Ձեր արվեստը: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երևանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիվ է, և վստահ եղեք, որ այդ պատիվը մենք արժանապատվորեն ենք կրելու: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլորիս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր