Հուլիս և օգոստոս ամիսներին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան
Հունիսին Հայաստանում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երևանում հունիսի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7–ից +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34-ից +36 աստիճան»,- նշեց նա:
Սուրենյանը տեղեկացրեց, որ հուլիսին ու օգոստոսին ջերմաստիճանը նորմայից բավական բարձր է լինելու:
«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ընդգծեց նա: