«7» նախագիծ. Հունիսի 1-ը կնշվի դասական երաժշտությամբ
                        7 նոտաները, ծիածանի 7 գույները, շաբաթվա 7 օրերը, 7 հրաշալիքները և բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ տեղեկություններ կներկայացվեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, երեկոյան ժամը 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյի ընթացքում։
 Այս մասին Երևանի թիվ 12 մանկապարտեզում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին «7» նախագծի հեղինակները՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 
Ինտերակտիվ համերգ-երեկոն ուղեկցվելու է դասական երաժշտությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարելու է դասական կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները, որոնք ընդմիջվելու են ուսուցողական-տեղեկատվական պատմություններով։ 
Ավետ Բարսեղյանը նշեց, որ այս նախագծով ցանկանում են երեխաների մեջ սերմանել անհրաժեշտ գիտելիքներ՝ ինչու է նվագախմբին պետք դիրիժոր, կներկայացվեն երաժշտական գործիքների մասին մանրամասներ, կփորձեն բացահայտել, թե ինչ գույների հետ են ասոցացվում նոտաները։ Ավետ Բարսեղյանը շեշտեց, որ նախագծի հաջողության դեպքում այն կլինի շարունակական և ավելի մեծ ընդգրկում կունենա։ 
 
Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ փորձել են երեխաների համար հետաքրքիր ձևաչափ ընտրել։ Երեխաները պետք է փոքր տարիքից սովորեն՝ ինչպես այցելել, պահել իրենց դասական երաժշտության համերգներին։ Համերգին ակտիվ մասնակցություն կունենա նաև հանդիսատեսը։ Դիրիժորը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ։ 
Նշենք, որ «7» նախագիծն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ 
Ասուլիսի ավարտին Երևանի թիվ 12 մանկապարտեզի սաները երգեցին հյուրերի համար։  
[b]
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
                                            
                    
                                            
                        
            

