211652_close_icon
views-count2485 դիտում article-date 17:57 24-05-2017

ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել մարիխուանա և բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանվելյանը, Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ մարիխուանա տեսակի և զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այնուհետև` 2016թ. դեկտեմբերի 29-ին, իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է Արմավիր ՔԿՀ: Նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Մանվելյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը և բուպրենորֆին-ը, որոնք ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թաքցրել էր ծխախոտի տուփերում: Մարիխուանա թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում: Այսպիսով, ՔԿՀ պաշտոնյան դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ինքն է ՔԿՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերել դրանք: Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ա. Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորվումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր