211652_close_icon
views-count2099 դիտում article-date 18:03 19-05-2017

ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ

Մայիսի 18-19-ը Երևանում տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մոլդովական պատվիրակությունը` Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Լիլիան Դարիին: Ավանդական բարեկամական մթնոլորտում քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, որն ընդգրկում է միջպետական փոխգործակցությանը, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության ներուժի իրագործմանը և հումանիտար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Առանձնակի ուշադրության արժանացան միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կայացած խորհրդատվությունների առանցքային թեման էր 2016թ. նոյեմբերին ՄՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի՝ Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Օրակարգի համաձայն՝ պատվիրակությունների ղեկավարների ուշադրությանը ներկայացվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների իրավաբանական ծառայությունների միջև կայացած հանդիպման արդյունքները, որի շրջանակներում դիտարկվել էին հայ-մոլդովական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Երկկողմ համագործակցության աշխուժացման համատեքստում ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը, առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և խորացման ուղիների հստակեցմանը, մշակութային և գիտակրթական բնագավառում կապերի ակտիվացմանը միտված համատեղ ջանքերի շարունակական համադրումը: Կառուցողական քննարկումների արդյունքներով երկուստեք կարևորվեց երկկողմ խորհրդատվությունների պարբերական բնույթը՝ 2016թ. Երևանում ստորագրված երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. համար ծրագրի համաձայն։

Նմանատիպ նյութեր