Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում անցել է կիսաեզրափակիչ
Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը շարունակում է հաջողությամբ հանդես գալ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր քառորդ եզրափակչում մեր թիմը հանդիպել է ՌԴ «Կրասնի Սուլիմ» (Ռոստովի մարզ) հավաքականի հետ և, կրկին խոշոր՝ 6-0 հաշվով հաղթելով ռուսական թիմին, դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին մեկնարկային խաղում մեր հավաքականը խաղացել էր Ադլերի հավաքականի հետ և խոշոր՝ 12-1 հաշվով հաղթանակ տարել, իսկ երեկ՝ մայիսի 12-ին, Պյատիգորսկի թիմի հետ ոչ-ոքի արդյունքով առաջին տեղով անցել էր քառորդ եզրափակիչ: Մրցաշարին մասնակցում են 9 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից, Հարավային Օսիայից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։
Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի:
[url=http://artsakhpress.am/arm/news/66455/arcakhi-futboli-veteranneri-havaqakany-mijazgayin-mrcasharum-ancel-e-kisaezrapakich.html]Artsakhpress.am[/url]