2538 դիտում
19:48 10-05-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվել է Լեհաստանում
Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոց-թանգարան, որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված «Թերեզա Սահակյան» հիմնադրամին պատկանող գորգերի բացառիկ հավաքածուն: Նախարար Հ. Հակոբյանը ծանոթացել է հայազգի նշանավոր ընտանիքի հավաքածուի ցուցանմուշների հետ, որի առանձին բաժինն են կազմում Արցախի հայկական գորգերը:
Նույնը օրը նախարար Հ.Հակոբյանն այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Մարշալ Յուզեֆ Պիլսուցկու հրապարակ, որտեղ Վարշավայի կայազորի կենտրոնական գրասենյակի պատին փակցված է հուշատախտակ` նվիրված Լեհաստանի Անհայտ Զինվորի մոր խորհրդանիշ դարձած հայազգի Յադվիգա Զառուգևիչովային: Սփյուռքի նախարարն այցելել է նաև Վարշավայի Զինվորական Պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Յադվիգա Զառուգևիչովայի հիշատակին:
Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՀ ներքին գործերի և վարչարարության փոխնախարար Սեբաստիան Խվալեկի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, ԼՀ ներքին գործերի և վարչարարության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախարարը լեհ գործընկերներին է ներկայացրել հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքները` անդրադառնալով Սփյուռքի պատմությանն ու առանձնահատկություններին: Անդրադարձ է կատարվել հայ-լեհական համագործակցությանն առնչվող այլ հարցերի:
Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ԼՀ Սենատի նախագահը նշել է, որ Լեհաստանի իշխանությունները չափազանց մեծ կարևորություն են տալիս արտերկրում ապրող լեհերի՝ Պոլոնիայի հետ տարվող քաղաքականությանը, որում Լեհաստանի Սենատն ունի կարևոր դերակատարություն: Նա ներկայացրել է այն օրենսդրական կարգավորումներն ու քաղաքական ծրագրերը, որոնք Լեհաստանի իշխանություններն իրականացնում են Լեհաստանից դուրս ապրող հայրենակիցների հետ հարաբերություններում: Սենատի նախագահը նշել է, որ իրենց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքները, որոնց մի մասը կարող են օգտակար լինել նաև Լեհաստանի պարագայում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ Հայկական Սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Լեհաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ, և հավելել. «2017 թվականին լրանում է Լեհաստանի Կազիմիր Երրորդ Մեծ թագավորի կողմից հայերի տրված հատուկ արտոնության 650-ամյակը, որը խոսում է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության, այլև Լեհաստանի կյանքում հայերի ունեցած բացառիկ դերակատարության մասին: Շնորհակալություն Լեհաստանի իշխանություններին՝ հայերի հանդեպ մշտական հոգատար վերաբերմունքի և բարեկամական հարաբերությունների համար»:
Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը:
Համաժողովի գործընկերներ են Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը, Լեհ-հայկական հիմնադրամը, Լեհաստանի Հայկական հիմնադրամը, Վրոցլավի Լեհաստանի հայերի միությունը, Հայ լեհական կապերի զարգացման կենտրոնը, Հայ Դատի Լեհաստանի գրասենյակը, Հայ-լեհական հասարակական կոմիտեն, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայկական համայնքը, Լեհ-հայկական առևտրաարդյունաբերական պալատը, Հայ-լեհական համագործակցության կազմակերպությունը, «Ջուլիայի Սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամը, լեհաստանի մի շարք քաղաքների համայնքային կազմակերպություններ:
Լեհաստանի հայերի առաջին համաժողովը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 8-ին:
Համաժողովը մեկնարկել է Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերով: Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ՝ մարշալեկ Մարեկ Կուխչինսկին: Համաժողովին ներկա է գտնվել ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին, նա համաժողովի մասնակիցներին է փոխանցել ԼՀ Սենատի նախագահ մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու ողջույնը:
Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը:
Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման վերաբերել է հայապահպանության խնդիրներին: Նիստը վարել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հիմնական զեկուցողներն են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Վարդապետ Ծատուրյանը և Կրակովի հայկական դպրոցի տնօրեն Գոհար Խաչատրյանը:
Իր ելույթում նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, իրականացվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ՀՀ սփյուռքի նախարարության նոր նախաձեռնությունները` կարևորելով Լեհաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:
Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել է Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը և Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտունքերի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Մայիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վարշավայում այցելել է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր: Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամում, Լեհ-հայկական հիմնադրամում և «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական կազմակերպության գրասենյակում:
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
18:14 25-03-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար