ԱՄՆ սենատում սկսվել են լսումներ՝ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայնը» գրում է. «Լսումների ժամանակ հանդես է գալու նաև Սելի Եթսը, որը մինչև Թրամփի նախագահության առաջին օրերը երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատարն էր։
Արդարադատության հարցերով ենթահանձնաժողովում նա հիշեցնելու է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի ու Ռուսաստանի դեսպանի միջև զրույցներին առնչվող այն նախազգուշացումների մասին, որոնք ներկայացվել էին նոր վարչակազմին։
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլինին ազատեց վերջինիս պաշտոնավարման 24-րդ օրը, երբ ապացույցներ ի հայտ եկան, որ նա ռուս դիվանագետի հետ զրույցների մասին ստել էր փոխնախագահ Մայք Փենսին։
Լսումների ժամանակ հանդես է գալու նաև Ջեյմս Քլեփերը, որը Բարաք Օբամայի նախագահության ժամանակ զբաղեցնում էր ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը։
Վերջինս կարևոր դեր էր ստանձնել ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից իրականացված այն աշխատանքներում, որոնց արդյունքում պարզվել էր, որ Ռուսաստանը փորձելու էր օժանդակել ընտրություններում Թրամփի հաղթանակին, նրա մրցակից Հիլարի Քլինթոնի ճամբարում հաքերային գործունեություն ծավալելու եղանակով։
Նախագահ Թրամփը շարունակում է հերքել այն մեղադրանքները, որոնց համաձայն Մոսկվան դեր է ունեցել Քլինթոնի նկատմամբ հաղթանակ տանելու գործում»։
Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3843098.html]«Ամերիկայի ձայն»[/url]