211652_close_icon
views-count2896 դիտում article-date 16:36 08-05-2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները համալրվել են նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության մարզական օջախները համալրվում են նոր ու ժամանակակից մարզագույքով: Մայրաքաղաքի մարզադպրոցներին հերթական մարզագույքի հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետը, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տարոն Մարգարյանը դրանց տնօրենների ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ձեռքբերված նոր մարզագույքին: Պատասխանատուները նշել են, որ ծրագրով ձեռք են բերվել անհրաժեշտ պրոֆեսիոնալ նոր հեծանիվներ՝ հեծանվասպորտի զարգացման համար, բռնցքամարտի ձեռնոցներ, տանձիկներ, ըմբշամարտի գորգեր և անհրաժեշտ այլ պարագաներ, ծանրաձողեր, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի և հանդբոլի գնդակներ, շախմատի սեղաններ, չմուշկներ, մականներ, ինչպես նաև թենիսի 2 սեղան՝ նախատեսած կույրերի համար: Նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մարզօջախների բժշկական սենյակները ևս կահավորվել են անհրաժեշտ գույքով և պարագաներով: Գնահատելով մայրաքաղաքի մարզական օջախների հանդեպ Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող հետևողական ուշադրությունը՝ մարզադպրոցների տնօրենները նշել են, որ տասնամյակներ շարունակ մայրաքաղաքի մարզօջախները զրկված են եղել անհրաժեշտ մարզագույք ունենալու հնարավորությունից, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում երեխաների մարզումները պատշաճ կազմակերպելու համար: Նրանք նկատել են նաև, որ վերջին երեք տարում Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ միայն հետևողական աշխատանք է տարվում նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող գույքով համալրման, այլ նաև համայնքային ենթակայության մարզադպրոցների հիմնանորոգման և մարզիկների ու մարզիչների համար հարմարավետ պայմանների ապահովման նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու մարզադպրոցների պայմանների բարելավմանը միտված հետևողական այս քաղաքականությունը լինելու է շարունակական՝ ընդգծելով, որ այսուհետ արդեն մարզիչների հերթն է ամենօրյա հետևողական աշխատանքով հասնելու երևանյան մարզիկների` միջազգային հարթակներում հաջողությունների գրանցմանը: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ միասին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում դիտել է նաև գեղասահորդների և հոկեյիստների ցուցադրական ելույթները:

Նմանատիպ նյութեր