Պատերազմի դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի. Արկադի Տեր-Թադևոսյան
Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի։ այսօր, լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը:
«Ադրբեջանում կան նավթամշակման գործարաններ, Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը 7 անգամ հզոր է մեր ատոմային էլեկտրակայանից։ Ռազմական տերմինաբանության մեջ կա կենսաապահովման օբյեկտներ հասկացություն, որոնք մեծ դեր են կատարում ռազմական գործում։ Եթե մենք վերցնենք Մինգեչաուրը, նրանք կզրկվեն էլեկտրականության 40 տոկոսից: Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա։ Եթե պատերազմ սկսվի, նրանց մոտ ողբերգություն տեղի կունենա, այդ պետությունը կփլվի։ Նրանք դա հոյակապ գիտեն»,- հավելել է Կոմանդոսը։
Գեներալ-մայորը նշեց, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայումը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։
«Այն կխախտի 1921 թվականին կնքված Կարսի պայմանագիրը»։ Արկադի Տեր-Թադևոսյանը պնդում է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը պարտավոր է հաշվի նստել Հայաստանի ու Ռուսաստանի տեսակետների հետ, քանի որ այս երկրները ևս վերոնշյալ պայմանագրի կողմեր են: «Բայց մեզ չեն հարցնում, մերոնք էլ ոնց որ թե ձայն չեն հանում։ Ադրբեջանն ու Թուրքիան խախտում են միջազգային պայմանագիրը»,- ընդգծվեց Թադևոսյանը։
Արցախի հերոսը անդրադարձավ նաև Շուշիի ազատագրման 25-ամյակի թեմային, նշելով, որ Շուշիում հաղթեց մեր ազատամարտիկը, իր մարտական ոգին։