16477 դիտում
20:52 01-05-2017
Արտադրական տարածքները հերթով վեր են ածվում տոնավաճառների, մեր նպատակն է հակառակ պրոցեսը սկսել Նիկոլ Փաշինյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշխատատեղերի խնդիրը չի լուծվելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանում, ի վերջո, արտադրական-արդյունաբերական տնտեսություն չլինի, ընդ որում, այդ արտադրական տնտեսությունը պետք է հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների վրա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Աշխատանքի միջազգային օրվան:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 20 տարվա ընթացքում Հայաստանի արտադրական տարածքները հերթով վեր են ածվում տոնավաճառային տարածքների:
«Մեր նպատակն է՝ հակառակ պրոցեսը սկսել, որպեսզի տոնավաճառային տարածքները վերածվեն արտադրական տարածքների»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն իրենց հաղթանակից հետո բացառեց, որ Երևան քաղաքում որևէ պատմամշակութային հուշարձան ոտնձգության կենթարկվի և նկատեց, որ այսօր մեծ քանակությամբ պատմամշակութային հուշարձաններ ապամոնտաժված են:
«Կանաչապատման խնդիրը վարչական խնդիր չէ. մենք կարծում ենք, որ կանաչապատման խնդիրը ընդհանուր խնդիր է, Երևան քաղաքը պետք է օղակվի կանաչ գոտիով, մերձքաղաքային անտառով, իսկ Երևան քաղաքում մենք պլանավորում ենք 500 հազար ծառ տնկել առաջիկա 5 տարվա ընթացքում: Ոչ խելամիտ կառուցապատման հետևանք է այն, որ այսօր Երևան քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիների և խցանումների խնդիր կա: Երևան քաղաքի կենտրոնում կառուցապատումը պետք է սահմանափակվի, պետք է ուղղակի բանաձևեր գործեն»,-ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ իրենց ընտրելով՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության միահեծան իշխանությանը շատ լուրջ հակակշիռ կստեղծվի», ոչ միայն Երևանի մասշտաբով, այլ նաև ամբողջ հանրապետության:
Ինչ վերաբերում է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հայտարարությանը, որ չի կարողանում գտնել «Ելքի» ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իրենց թիմն այդպես է աշխատում էլի, ակնհայտ բաները չեն կարողանում գտնել: Դա Տարոն Մարգարյանի թիմի աշխատունակության մասին է խոսում: Այն, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացու գտնելու համար անհրաժեշտ է մոտավորապես մեկուկես րոպե, Տարոն Մարգարյանի թիմի համար կարող է տևել 5 տարի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ծանո՞թ է նրանց ծրագրին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ծանոթ եմ նրանց արածներին, այո, ծանոթ եմ այն ծրագրերին, որ նախատեսում էին իրականացնել և չեն իրականացրել: Տարոն Մարգարյանի նախորդ նախընտրական ծրագրերի 60 և ավելի տոկոսը հիմա չի կատարվել: Ի՞նչ իմաստ ունի նույնիսկ ծանոթ լինել նրանց ծրագրին, երբ որ կա մի ծրագիր, որ չի իրականացվել»։
Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի և Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
Նմանատիպ նյութեր
26150 դիտում
13:22 23-04-2018
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ տնօրեն