Շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցության շնորհիվ շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը:
Հրդեհաշիջման նոր, բարձրորակ հանդերձանքի և գույքի հերթական խմբաքանակը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում՝ որպես նվիրատվություն:
Սա կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանը՝ բարելավելով մարզային ջոկատների կարողությունները, բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը, ինչպես նաև անվտանգության հավելյալ երաշխիքներ կտա հրշեջ-փրկարարներին՝ իրենց դժվարին առաքելությունն իրականացնելիս:
Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոն, փրկարարական ձեռնոցներ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատ, բադիկ և ամբարձիչ, լուսարձակ, օդի կոմպրեսոր և այլն) ձեռք է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կարիքներին համապատասխան և կբաշխվեն ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատների միջև: