211652_close_icon
views-count6601 դիտում article-date 22:30 25-04-2017

Միջպետական ճանապարհի Երևան-Սևան մայրուղու 36-րդ կիլոմետրից սկսած՝ մոտ 22 կմ հատվածում կկատարվի հիմնանորոգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղանակի բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսային նորոգման աշխատանքները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց կատարեց Երևանից դեպի Սևան - Իջևան - Նոյեմբերյան - Ստեփանավան - Արագած - Ապարան - Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով։ Նախարարին ուղեկցում էր «Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։ Բացի փոսային նորոգման աշխատանքներից, նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների և դրանց միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները։ Կոտայքի տարածաշրջանում փոսային նորոգման աշխատանքների մեծ մասն արդեն արված է։ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության պետ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում այն ամբողջությամբ կավարտեն, որից հետո կսկսեն ճանապարհի ճաքալցման աշխատանքները։ Միջպետական ճանապարհի Երևան-Սևան մայրուղու 36-րդ կիլոմետրից սկսած՝ մոտ 22 կմ, որտեղ ասֆալտն առավել քայքայված է, կկատարվի հիմնանորոգում։ Աշխատանքները կսկսվեն հունիսի կեսերին և կավարտվեն ամռան վերջին։ Չնայած դրան՝ ճանապարհը նորմալ երթևեկելի դարձնելու համար ճանապարհաշինարարներն այստեղ ևս փոսային նորոգումներ են կատարել։ Ճանապարհի այս հատվածում ընթացքի մեջ է նաև դեպի Լեռնանիստ համայնք տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Հրազդանի ճանշինի պետ Օնիկ Բաղդասարյանը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ շինարարության ավարտը նախատեսված է սեպտեմբերին։ Նախարարը հրահանգեց տեմպերն արագացնել, աշխատանքներն ավարտել հնարավորինս շուտ և որակով. «Ճանապարհի և կամրջի հիմնանորոգումը պետք է միաժամանակ ավարտվի։ Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում՝ շինարարությունը կարելի է ավարտել ամռան կեսին»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը: Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ միջպետական ճանապարհների իրենց հատվածում մինչև ապրիլի վերջ փոսային նորոգումները կավարտվեն։ Իսկ մայրուղու 52-64-րդ կմ հատվածը կհիմնանորոգվի։ Դիլիջանից դեպի Իջևան ճանապարհահատվածում աշխատանքների որակը նախարարին չգոհացրեց։ Ճանապարհածածկն այստեղ շատ քայքայված է։ Իրենց ունեցած տեխնիկայով չեն կարողանում անհրաժեշտ որակ ապահովել։ Վիճակը հնարավորինս արագ կարգի բերելու համար նախարարը հանձնարարեց լրացուցիչ տեխնիկա բերել, աշխատել շուրջօրյա, արագ ու որակով ավարտել աշխատանքները։ «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության պետ Գուրգեն Մանթաշյանը խոստացավ շտկել թերությունները։ Նոյեմբերյանի տարածաշրջանում էլ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներ կան։ Հատկապես սահմանամերձ գյուղերն իրար կապող հատվածներում դրա անհրաժեշտությունն անչափ կարևոր է։ Ուստի, առաջիկայում այս տարածաշրջանի որոշ ճանապարհներ ևս կհիմնանորոգվեն։ Ներկայացնելով փոսային նորոգման աշխատանքների ընթացքը՝ Նոյեմբերյանի ճանշինի ղեկավար Ֆլորա Անտոնյանը նշեց, որ մինչև մայիսի 10-ն ամբողջությամբ կավարտեն։ Լոռու տարածաշրջանում աշխատանքները մի քիչ ավելի դանդաղ են ընթանում։ «Արգիշտի-1» ճանապարհաշինական ընկերության պետ Սեյրան Դարբինյանի խոսքով՝ պատճառը անձրևային եղանակն է։ Սպիտակ քաղաքով անցնող միջպետական ճանապարհին կտրած փոսերն էին ասֆալտապատվում։ Ակնհայտ էր, որ աշխատանքը կատարվում էր շինարարական նորմերի խախտումներով։ Սպիտակի տարածաշրջանը սպասարկող ճանշինի պետ Մանվել Արղամանյանի արդարացումներն անտեղի էին։ Նախարարը դժգոհ էր նրանց աշխատանքից։ Այստեղ ևս տրվեց խիստ հանձնարարական՝ արագ շտկել թերությունները, ուշադրություն դարձնել որակի վրա։ Հաջորդը Արագածի և Ապարանի տարածաշրջաններն էին, որտեղ աշխատանքների զգալի մասն արդեն բավարար որակով կատարված էր, մնացածն էլ առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտին կհասցվի։ Այցի ընթացքում դիտարկվեցին և նախանշվեցին նաև նշված միջպետական նշանակության ճանապարհների առավել քայքայված հատվածները, որոնք, ըստ առաջնահերթության, առաջիկայում կընդգրվեն ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։ Իրականացվում են նաև կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանների թարմացման աշխատանքներ: Փոսային նորոգումներ են իրականացվում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Մայիսի կեսերից էլ կմեկնարկեն և հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճանապարհների գծանշման աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր