211652_close_icon
views-count4274 դիտում article-date 17:50 25-04-2017

Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով ավարտին է մոտենում նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական վերահսկողություն սահմանել մասնավորապես «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ: «Առաջիկայում ամբողջությամբ կավարտվի «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը, և քաղաքի այս հատվածը նորովի կներկայանա թե՛ երևանցիներին և թե՛ մայրաքաղաքի հյուրերին: Սակայն դեռևս անելիքներ կան, և տարածքի վարձակալի ուշադրությունը պետք է հրավիրել մասնավորապես «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման հարցին: Դեռ անցյալ տարի Երևանի ավագանին ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի հստակեցված են տվյալ տարածքում առևտրի կազմակերպման պահանջները: Տարածքի վարձակալի առջև հստակ դրեք պահանջը՝ հետևելու առևտրի կազմակերպման սահմանված կարգին: Նաև նախազգուշացրեք, որ սահմանված կարգը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի վարձակալը, այլ ոչ թե տարածքում առևտուր իրականացնողները: Խստորեն հետևեք, որ «Վերնիսաժում» պահպանվեն Երևանի ավագանու որոշմամբ հաստատված առևտրի կազմակերպման պահանջները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերահսկմանը շարունակել ներգրավել վերանորոգվող մուտքերի բնակիչներին և միայն նրանց գոհունակությունն ունենալու պարագայում ստորագրել ավարտական ակտերն ու կատարել համապատասխան վճարումները:

Նմանատիպ նյութեր