211652_close_icon
views-count4890 դիտում article-date 15:21 23-04-2017

«Բարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում». Արցախի վարչապետն ընդունել է Հայկական բարեգործական միության Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի շրջանակներում։ Վարչապետը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կարևորելով կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ, ինչն ամուր հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար: «Բարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում: ՀԲԸՄ դերը մեծ է Արցախում. անկախության հռչակումից ի վեր այն ակտիվորեն գործում է այստեղ: Հատկանշական են կառույցի աշխատանքները կրթության ոլորտում, և մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն թե՛ այդ և թե՛ այլ հնարավոր ուղղություններում: Կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ձեր բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Արցախն արտասահմանում ներկայացնելու ձեռնարկումներին»,- ասել է վարչապետը: Ա. Հարությունյանը պատվիրակության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի, սպասվող արդյունքների և դրանցում Սփյուռքի ունեցած դերի վրա: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանը ներկայացրել է «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի մանրամասները և պատրաստակամություն հայտնել ավելի սերտ համագործակցել Արցախի պետական կառույցների հետ: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր