211652_close_icon
views-count2063 դիտում article-date 15:02 21-04-2017

ՀՀ վարչապետը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են հայ-լեհական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը: «Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաև լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը: Դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում: Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը և Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր