211652_close_icon
views-count4031 դիտում article-date 15:51 14-04-2017

Ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը

Ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Այցի ավարտին ՉԺՀ բարձրաստիճան պատվիրակությանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների ներգրավվման կարևորությունը: Հանդիպման ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և դերծովակալ Գուան Յուֆեյը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՉԺՀ պաշտպանության նախարարության միջև 2017թ. համագործակցության ծրագիրը:

Նմանատիպ նյութեր