Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել «Բորուսիային»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջակցության խոսքեր է հղել Դորտմունդի «Բորուսիային», որի ակումբային ավտոբուսի մոտ երեկ երեկոյան ռումբ էր [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064159/]պայթել[/url], որի արդյունքում թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել գերմանական թիմի պաշտպան Մարկ Բարտրան:
«Ես խորապես ցնցված եմ գիշերը Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ես ցանկանում եմ աջակցությունը հայտնել «Բորուսիային», նրա երկրպագուներին: Նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ միջադեպի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը հետաձգվել էր և կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:45-ին: