211652_close_icon
views-count4182 դիտում article-date 16:06 05-04-2017

Հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը. ՀՀ արտգործնախարար

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վան Ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը և որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվում նաև մեր միջպետական համագործակցությունը, որը քառորդ դարի ընթացքում շարունակաբար ընդլայնվել է` բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում: Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնումը: Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները կարևոր դեր ունեն բարձր մակարդակով ընդունված համաձայնությունների կատարմանը նպաստելու գործում: Նախարարը նշում է, որ հայ-չինական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնել` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Վան Ին իր ուղերձում նշում է, որ 25 տարվա ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չին-հայկական հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրել: Չինաստանի ԱԳ նախարարը շեշտում է, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետությունների միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում: Նախարար Ին ընդգծում է, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր: Չինաստանի արտգործնախարարը նշում է, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարարի հետ գործադրել համատեղ ջանքեր՝ ամրապնդելու երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը և դրանով իսկ առաջ մղել երկկողմ հարաբերությունները դեպի զարգացման նոր մակարդակ:

Նմանատիպ նյութեր