211652_close_icon
views-count2424 դիտում article-date 13:54 05-04-2017

Ապրիլի 28-ին կկազմակերպվի երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն 5 տարի է, բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի կազմակերպումը, ինչն, իրոք, սպասված է թե՛ ծնողների և թե՛ մեր զինվորների համար: Նաև փաստենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս նախաձեռնությունը մեծ գոհունակությամբ է ընդունվել մեր բոլոր գործընկերների կողմից: Ըստ այդմ, Պաշտպանության նախարարության և Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պատշաճ պետք է նախապատրաստվել ապրիլի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որ իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող որևէ ծնող դուրս չմնա ցանկից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ մշակել ծրագիր` ապրիլի 16-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Սուրբ Զատիկ) տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։

Նմանատիպ նյութեր