211652_close_icon
views-count4387 դիտում article-date 17:00 29-03-2017

ՊԵԿ-ը գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից; «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին: «Փոփոխությունից առաջ փոխադրողի տրամադրած ուղեկցող փաստաթղթերի հիման վրա սահմանային անցումային կետում մաքսային տեսուչը փոխադրման ամփոփագիր էր ձևավորում, սակայն հաճախ տեղեկատվության լրամշակման և ճշգրտման անհրաժեշտություն էր ծագում, ինչը ժամանակատար էր: Արդյունքում ավելանում էր մաքսային կետի ծանրաբեռնվածությունը, և անհարմարություն ստեղծվում ներկրողների համար»,-նկատում է գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Պետրոսյանը: Կառավարության՝ 2017թ. մարտի 2-ի թիվ 194-Ն որոշմամբ ներմուծողներն այսուհետ մեկ մաքսային մարմնից մինչև մյուսը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները «Մաքսային տարանցում» ընթացակարգով հսկողության ներքո կարող են տեղափոխվել մաքսային տարանցման հայտարարագրով: Նույնը հնարավոր է անել՝ ուղեկցող փաստա¬թղթերը որպես տարանցման հայտարարագիր ներկայացնելով, եթե դրանք պարունակում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները: Նոր կարգի շնորհիվ զգալիորեն կրճատվել է սահմանահատման ժամանակը, քանի որ տարանցման հայտարարագիրը ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով կարելի է ուղարկել նախօրոք։ Ավելին, համակարգը ստուգում է ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը, որից հետո տրանսպորտային միջոցը կարող է լքել մաքսային կետի տարածքը: «Համակարգը պարզ է ու թափանցիկ, և լրացման կարգի վերաբերյալ հուշումները թույլ են տալիս տարանցման հայտարարագիրը ներկայացնել գրասենյակից: Նոր մեխանիզմից օգտվելու շնորհիվ զգալի ժամանակ ենք տնտեսում սահմանային կետում, ուստի մտադիր ենք այսուհետ ևս աշխատել այս եղանակով»,-նշում է ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուկասյանը: Նոր կարգով վերացվել է նաև ՀՀ տարածքում՝ մի մաքսային մարմնից մյուսը, «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման պահանջը: Բացի այդ, լիազորված տնտեսական օպերատորների և մաքսային փոխադրողների համար բացառվել է մաքսային ուղեկցումը օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ: Գործարկված համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ՊԵԿ-ի քաղաքականության մի մասն է, որը ներառված է «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) հարթակում: «Էլեկտրոնային 19 համակարգեր պարունակող հարթակը միտված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը բիզնեսի վրա առավել դյուրին և սահուն դարձնելուն»,-ընդգծում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը:

Նմանատիպ նյութեր