211652_close_icon
views-count12411 դիտում article-date 18:41 27-03-2017

«Հյուսիս-հարավի» Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի կվերականգնվի մայիս-հունիսին. Տեսանյութ

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց հսկողություն սահմանել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում ընթացող հարակից ենթակառուցվածքների շինարարությանը՝ այն արագացնելու և որակյալ ավարտելու համար։ Ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեց ճանապարհի տարբեր հատվածներում իրականացվող շինարարական տեղամասեր, որտեղ շարունակվում են 10-ը ուղեանցերի կառուցման և բարեկարգման աշխատանքները։ Շրջայցից հետո տեղի ունեցավ արտագնա խորհրդակցություն, որին մասնակցեցին շինարարները, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, նախարարության պատասխանատուները։ Արթուր Առաքելյանը պարզաբանեց ծրագրի առանձնահատկությունները, որով պայմանավորված՝ ուղեանցերի և կամուրջների շինարարությունը մեկնարկեց ճանապարհը շահագործման հանձնելուց հետո: «Հանրության կողմից շատ են քննադատությունները, որ ճանապարհը շահագործման հանձնվեց և դրանից հետո նորից փակվեց, և մենք ստիպված եղանք կրկին անհարմարություններ պատճառել մեր քաղաքացիներին։ Բայց կան դրա օբյեկտիվ պատճառներ: Խնդիրն այն է, որ ի սկզբանե, երբ սկսվում էր ծրագիրը, միջոցների սղության պատճառով նախատեսված էր կառուցել միայն ճանապարհային հատվածը: Հետագայում մրցույթների և հետագա պայմանագրի կառավարման արդյունքում Տրանշ 1-ով նախատեսված գումարներից առաջացավ որոշակի տնտեսում, որը հնարավորություն տվեց համապատասխան վերաբաշխումներով և ՀՀ կառավարության թույլտվությամբ, նաև հաշվի առնելով հիմնականում ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի բնակիչների ցանկությունը, ի լրումն հիմնական ծրագրի նախագծել և կառուցել նաև 10 ուղեանց և կամուրջ»,- մանրամասնեց Արթուր Առաքելյանը: Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքների տեմպերին, նախարարի առաջին տեղակալը վստահեցրեց, որ շինարարությունն ընթանում է բնականոն հունով: Նա պարզաբանեց, որ ըստ քաղաքաշինական նորմերի մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ այս ենթակառուցվածքների շինարարության տևողությունը սահմանված է եղել շուրջ 2 տարի։ Ուղեանցերի և կամուրջների շինարարությունը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերին: Եվ, ըստ նախարարության հսկողական ցուցանիշների, եթե չլինեն անհաղթահարելի խոչընդոտներ, այս տարվա մայիս-հունիս ամիսներին ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի: «Բաց երթևեկության պայմաններում կշարունակվեն կամուրջների, ուղեանցերի ասֆալտապատման և բարեկարգման բոլոր մնացած աշխատանքները: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջովին ավարտել ծրագրով նախատեսված ժամկետից ավելի շուտ, սակայն վստահեցնում եմ, որ դա որևէ կերպ չի անդրադառնա որակի վրա»,- նշեց Արթուր Առաքելյանը: Իրականացվող շինարարության նախագծային տեխնոլոգիան պահանջում է, որ կամուրջների որոշակի հատվածներ պատրաստվեն այլ գործարաններում։ Դրանից հետո միայն դրանք տեղափոխվում են և տեղադրվում: Այդ իսկ պատճառով որոշ ժամանակահատվածներում շինհրապարակում մեծ աշխատուժ կամ տեխնիկա չի լինում։ «Աշխատանքներն ընթանում են` հաշվի առնելով տեխնոլոգիական պրոցեսները և եղանակային պայմանները»,- նշեց նախարարի առաջին տեղակալը: Այցի ընթացքում անդրադարձ եղավ նաև սոցիալական ցանցերում զետեղված լուսանկարին, որն առնչվում էր վերակառուցվող վերգետնյա ուղեանցերից մեկի ճկված հեծանին։ Նշվեց, որ կամրջային շինությունների վրա տեղադրվող հեծանները պատրաստվել են գործարանային պայմաններում, աշխատանքների իրականացման ընթացքում առաջացել է տեխնիկական խնդիր։ Դեպքն անմիջապես արձանագրվել է, վնասված հեծանը ճանաչվել է հետագա օգտագործման համար ոչ պիտանի, անմիջապես հեռացվել է շինհրապարակից և հաջորդ օրը փոխարինվել է նորով։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր