211652_close_icon
views-count4174 դիտում article-date 18:00 15-03-2017

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կ. Օդաբաշյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Արցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում ընկերության և, մասնավորապես, նրա ունեցած անձնական ավանդի համար: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է, և շատ կարևոր է այդ ուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետևողական աշխատանքը՝ ապահովելով ժամանակակից ու երաշխավորված կապ: «Արցախի իշխանությունները միշտ բարձր են գնահատել տնտեսության զարգացման և պետության անվտանգության ապահովման գործում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ունեցած ներդրումը և Ձեր գործադրած անձնական ջանքերը: Կարծում եմ՝ կառավարության և Ձեր ղեկավարած ընկերության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի»,- ասել է վարչապետը: Գործադիր իշխանության ղեկավարը Կարեկին Օդաբաշյանին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալ, որով նա պարգևատրվել է նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ հանրապետության տնտեսության մեջ ունեցած կարևոր ավանդի համար: Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, որ այն նաև իր ընկերության աշխատակիցների գործունեության արդյունքն է: Կ. Օդաբաշյանի խոսքով՝ ընկերությունն այսուհետ ևս շարունակելու է իր գործունեությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների բարձր որակն ու մատչելի սակագները: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր