211652_close_icon
views-count2542 դիտում article-date 09:30 08-03-2017

Դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, որում ասվւմ է. «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ: Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում: Սիրելի՛ կանայք, Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները: Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ: Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր